Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հայաստանում ստեղծվում է ոստիկանության գվարդիա․ կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Հայաստանում ստեղծվում է ոստիկանության գվարդիա․ կառավարությունը 
հավանություն տվեց նախագծին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ոստիկանության գվարդիա ստեղծելու որոշման նախագծերի փաթեթին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ՀՀ կառավարության նիստում նախագծերի փաթեթը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այդպիսով կվերացվի ոստիկանական զորքերի երկակի կարգավիճակը, որը զուգակցում է արտաքին և ներքին անվտանգության սպասարկումը՝ հանդիսանալով ոստիկանության զորքերի ռազմականացման հիմնական նախադրյալը։

«Բայց սրա կողքին պետք է փաստեմ, որ օրենսդրական ձևակերպումներում թողել ենք այնպիսի լիազորություններ պետության պաշտպանությանը միտված, որն առավելագույնս կօժանդակի այդ ֆունկցիայի սպասարկմանը և, միևնույն ժամանակ, միտված կլինի ոստիկանության առջև դրված խնդիրների լիարժեք իրականացմանը»,-ներկայացրեց Սարգսյանը։

Ըստ փոխնախարարի՝ ոստիկանության գվարդիային կվերապահվեն հասարակական կարգի, անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա օբյեկտների պահպանությունը, հատուկ բեռների տեղափոխման ապահովումը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցությունը, քրեական վարույթ իրականացնող մարմիններին օժանդակելը, ռազմական և արտակարգ ռեժիմների իրականացման շրջանակում օժանդակությունը:

Սարգսյանը կարևորեց այն հանգամանքը, որ  գվարդիան ձևավորվելու է որպես լիովին նոր կառույց և չի հանդիսանալու  ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը:

«Ոստիկանության գվարդիան ձևավորվելու է ոստիկանության հետևյալ ստորաբաժանումների բազային հենքով՝ ոստիկանության զորքեր, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն, ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում առկա հատուկ ստորաբաժանումներ և քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից եկող ստորաբաժանում՝ վարույթի շրջանակներում անձանց պաշտպանության տեսանկյունից»,- ասաց նախարարի տեղակալը՝ հավելելով, որ  այս ստորաբաժանումները կդադարեցնեն իրենց գործունեությունը։

Նրա հավաստմամբ՝ օրենսդրական լուծումներն այնպես  են նախանշված, որ գործառութային սպասարկման տեսանկյունից ընդհատում չի լինելու։

Սարգսյանը հայտնեց նաև, որ գվարդիան լինելու է ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում նաև հենց կառավարման սխեմայով։

«Այսինքն՝ ունենալու ենք ոստիկանապետի ընդհանուր ղեկավարում, ոստիկանության գվարդիայի հրամանատարի անմիջական ղեկավարում և այդպիսով ապահովելու ենք ճիշտ տեղադրումը ոստիկանության ընդհանուր կառուցվածքում»,-պարզաբանեց նա։

Բացի Երևանից՝ կլինեն նաև հասարակական կարգ և անվտանգություն ապահովող տարածքային ստորաբաժանումներ հանրապետության հյուսիսային, կենտրոնական, հարավային հատվածներում:

Բացի այդ՝ որոշ ժամանակով կգործեն պետական պահպանության և քրեական վարույթին սպասարկող ստորաբաժանումներ ամբողջ հանրապետությունում։

 «Չենք ունենա ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոն, որը նշանակվում է այս պահի դրությամբ ՀՀ նախագահի կողմից՝ հաշվի առնելով այլ զորքերի բնորոշման տակ ընկնելու հանգամանքը, և ըստ այդմ՝ կունենանք լիովին նոր ձևաչափով ոստիկանության գվարդիայի հրամանատարի պաշտոն, որը կնշանակվի ՆԳ նախարարի կողմից»,- մանրամասնեց ՆԳ փոխնախարարը։

Սահմանվում է նաև միջազգային չափանիշներին համապատասխան նոր ստանդարտ՝ ուժային միջոցների գործադրման տեսանկյունից։

Փոփոխությունների արդյունքում ոստիկանության գվարդիայի ծառայողների սոցիալական երաշխիքները չեն տուժի․ զինծառայողներին բնորոշ սոցիալական երաշխիքների ամբողջական փաթեթը կպահպանվի։

Փաթեթում վերացվել են  «Հավաքների ազատության մասին» գործող օրենքի  որոշ արգելքներ, ինչպես նաև վարչական որոշ պատասխանատվության միջոցներ:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ին, և կսահմանվի անցումային ժամանակահատված՝ շուրջ 6 ամիս, որի ընթացքում ենթաօրենսդրական դաշտը կհամապատասխանեցվի օրենքին։

Մինչև 2025 թվականի հունվարի 10-ն էլ նախատեսված է ոստիկանության գվարդիայի հրամանատարի նշանակում, այնուհետև երկամսյա ժամկետում՝ կառույցի ամբողջական ձևավորում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]